Հայաստանում ֆուտբոլը տարածում է գտել 1920-ական թվականներին,բայց սփյուռքում ավելի վաղ մոտավորապես 1904 -ականներին :Հայկական ֆուտբոլային առաջին խմբերը ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Հետագայում ակումբներ ստեղծվել են Լենինականում,Երևանում,Էջմիածնում : Առաջին խաղը տեղի է ունեցել 1920 թվականին Երևանի անգլիական այգում`Երևանի և Լենինականի թիմերի միջև:Ուշագրավ է Բաթումի խաղադաշտում 1924 թվականին կայացած հանդիպումը,որին ավելի մանրամասն կանդրադառնամ,քանի որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ մեծ հետք է թողել :1924 թվականի հոկտեմբերի 13-ին Բաթումի նավահանգստում խարիսխ գցեց «Չիչերին» շոգենավը, որով մայր Հայաստան էին վերադառնում թուրքական եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականները: Այդ օրը Բաթումի խաղադաշտում կայացավ ֆուտբոլային մի յուրօրինակ հանդիպում, որի արդյունքն իսկական անակնկալ էր խաղը դիտած հանդիսականների համար: Հայ գաղթականներից կազմավորված թիմը 2-1 հաշվով հաղթեց այն տարիներին Անդրկովկասում ուժեղագույնների թվին դասվող Բաթումի դինամոյականներին: Այդ խաղում իրենց վարպետությամբ հատկապես աչքի ընկան Սարգիս Ամիրխանյանն ու Սահակ Աճեմյանը: Հայաստան վերադառնալով, Սարգիսը բնակություն հաստատեց Երեվանում` յուրացնելով խառատի մասնագիտությունը, միաժամանակ իր ընկերների հետ 1925թ. ստեղծեց «Նաիրի» թիմը: Հաջորդ տարի կայացած Համահայկական Սպարտակիադայի ֆուտբոլի մրցաշարում «Նաիրին» դարձավ հաղթող` եզրափակիչ 1-0 հաշվով պարտության մատնելով Գյումրիի մանկատան թիմին: Նույն տարում «Նաիրին» Հայաստանը ներկայացրեց Անդրկովկասի առաջին Սպարտակիադայում: Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2-1 հաշվով հաղթեցին Ադրբեջանի թիմին, որը մինչ այդ պարտության էր մատնել Վրաստանի ուժեղ թիմին: Հենց վրաց ֆուտբոլիստների հետ հանդիպումն էլ պետք է վճռեր Սպարտակիադայի հաղթողի հարցը: Իհարկե, մեր երիտասարդ, դեռևս անփորձ ֆուտբոլիստների համար չափազանց դժվար էր մրցել Վրաստանի փորձառու թիմի հետ, ուստի պարտությունը (2-6) այնքան էլ դառնություն չպատճառեց «Նաիրիի» խաղացողներին: Հատկանշական մեկ փաստ: Վրաստանի հետ խաղից առաջ մեր ֆուտբոլիստները շնորհավորում էին միմյանց. առաջին անգամ նրանք խաղադաշտ էին դուրս եկել ֆուտբոլային խաղակոշիկներով, ինչը մեծ իրադարձություն էր նրանց համար: Այդ տարիներին ֆուտբոլային մարզահագուստ ճարելը մեծ դժվարությունների հետ էր կապված, նույնիսկ գնդակներ չկային: Սակայն կար համընդհանուր ոգևորություն, ֆուտբոլը հանրապետությունում արմատավորելու եվ զարգացնելու բուռն ձգտումը:Հենց այդ ոգևորությամբ առաջ էին շարժվում և արդեն 1930 թվականի մայիսին Երևանի հավաքականն ընդունեց Մոսկվայի ուժեղ թիմին և խաղն ավարտեց ոչ ոքի (0-0), իսկ սեպտեմբերի 21-ին կայացավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ միջազգային առաջին հանդիպումը: Մեր ֆուտբոլիստների հյուրն էր Գերմանիայի բանվորական միության ֆուտբոլի հավաքականը: Երևանի Ֆիզկուլտուրայի խորհրդի ֆուտբոլի խաղադաշտում մեծ բազմություն էր հավաքվել` 3 հազար հանդիսատես: Այդպիսի «հավաք» Երևանը դեռ չեր տեսել: Խաղն ավարտվեց Գերմանիայի բանվորական միության հավաքականի հաղթանակով`3-1:
Այդ պարտությունը ստիպեց ֆուտբոլի զարգացման նոր ուղիներ փնտրել:Երկու տարի անց` 1932թ. մեր ֆուտբոլիստները պատրաստվում էին արտասահմանյան իրենց առաջին մրցաշրջագայությանը Հունաստան: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել էին Սուրեն Աթանեսյանը, Սահակ Աճեմյանը, Արամ Աճեմյանը, Սարգիս Ամիրխանյանը, Չապլին Մարտիրոսյանը, Պետիկ Պետոյանը, Ցոլակ Գեվորգյանը, Գեզո Մարտիրոսյանը, Գուրգեն Սարգսյանը, Կոստանտին Փսարոսը,Գուրգեն Գրիգորյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ալեքսեյ Վոլոխովն ու Վռամշապուհ Մերանգուլյանը: Չնայած նախապատրաստական լուրջ աշխատանքին, ուղևորությունն այդպես էլ չկայացավ:Սակայն սրանով չէր ավարտվելու,արդեն 1935թ. առաջին անգամ Երեւանի հավաքականը մասնակցեց ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությանը :Երևանցիները բավականին հաջող հանդես գալով խմբում գրավեցին 2-րդ տեղը:
1936թ. անցկացվեց ֆուտբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը, ինչը նշանակալից իրադարձություն էր հանրապետության ֆուտբոլային կյանքում: Վեց թիմերի մրցավեճում Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Երեւանի «Դինամոն»: 2-րդ տեղը գրավեց «Սպարտակը», մրցանակային 3-րդ տեղում «Ստրոիտելն» էր:
1938թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ժողկոմխորհին առընթեր ֆիզկուլտուրայի եւ սպորտի գործերի կոմիտեի նախագահ Զ. Մարտիրոսյանի հրամանով «Սպարտակի»բազայի վրա կազմավորվեց վարպետների առաջին թիմը: Այդ լուրը մեծ ոգեվորություն էր առաջացրել մարզական ընկերություններում, որոնք իրենց առաջատար ֆուտբոլիստներին գործուղեցին «Սպարտակ»: 1938թ. ԽՍՀՄ առաջնությունն անցկացվեց միայն մեկ խմբով: «Ա» խմբի 26 թիմերի մեջ տեղ չգտնվեց Երեվանի «Սպարտակի» համար, որն այդ տարի Հայաստանի 3-րդ առաջնությունում առաջին անգամ հռչակվեց չեմպիոն: Հենց մեր հանրապետության չեմպիոնն էլ 1939թ. հանդես եկավ երկրի առաջնության «Բ» խմբում, որը բավական ուժեղ կազմ էր հավաքել: Բավական է նշել Մոսկվայի «Կռիլյա Սովետովին», Թբիլիսիի «Լոկոմոտիվին», Լենինգրադի «Սպարտակին», Խարկովի «Դինամոյին», Ռոստովի դինամոյականներին եվ այլն:Ընդհանուր առմամբ Երեւանի «Սպարտակի» նորամուտը «Բ» խմբում վատ չանցավ: 23 թիմերի մրցավեճում «Սպարտակը» գրավեց 14-րդ տեղը:
Երեւանի «Սպարտակի» համար հետագայում եղան և լավ ,և վատ ժամանակներ սակայն թիմը պահպանեց իր գոյությունը, որովետև գալու էր վերելքի ժամանակաշրջանը:
1962թ. անհաջողությունները ստիպեցին լրջորեն զբաղվել թիմով, որը հանձնվեց «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությանը: Թիմի շեֆությունը ստանձնեց Երեւանի ալյումինի գործարանի կոլեկտիվը: Որոշվեց փոխել նաեւ թիմի անունը: Եղան տարբեր առաջարկներ: Երկարատեւ քննարկումներից հետո ընդունվեց Հայկական ՍՍՀ մարզական ընկերությունների ու կազմակերպությունների միության նախագահ Արտավազդ Խաչիկյանի` թիմն «Արարատ» անվամբ կոչելու առաջարկը: Սակայն «Արարատն» իր անվանակոչության հենց առաջին տարում հիասթափեցրեց երկրպագուներին:
1964թ. «Արարատը» գլխավորեց Գեորգի Ժարկովը: Նախնական փուլում արարատցիներին հաջողվեց մտնել լավագույն յոթնյակ եւ շարունակել պայքարը բարձրագույն խմբի չորս ուղեգրերի համար: Սակայն մի շարք հանգամանքներ խանգարեցին արարտցիներին կատարելու գլխավոր խնդիրը` վերադառնալու ուժեղագույնների խումբ:Արդեն 1965թ. «Արարատի» ղեկը ստանձնեց մարզական հարուստ փորձ ունեցող Արտյոմ Ֆալյանը: Նա թիմն ընդունեց մարտի սկզբներին, Գագրայում, որտեղ «Արարատն» ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Բնավորությամբ խստապահանջ ու սկզբունքային մարզիչն իր գործունեությունը նախեւառաջ ուղղեց թիմում կարգապահության ամրապնդմանը: Եւ դա հաջողվեց նրան: Երեւանցիների կոլեկտիվը դարձավ միաձույլ ու համերաշխ մի ընտանիք, մի բռունցք, որը պատրաստ էր տանելու մրցաշրջանի ողջ ծանրությունը, ցուցաբերելու բարոյակամային բարձր հատկանիշներ:
1971-ը՝բեկումնային տարի եղավ հայկական ֆուտբոլում:1971թ. օլիմպիական հավաքականի ավագ մարզիչ նշանակվելու պատճառով Ալեքսանդր Պոնոմարյովը հրաժեշտ տվեց «Արարատին»: Նրան փոխարինեց երկրի ճանաչված մասնագետներից մեկը` Նիկոլայ Գլեբովը: Այո, ցնծության մրցաշրջան էր 1971թ., որն առաջին անգամ արծաթե դափնիներով պսակեց հայ ֆուտբոլիստներին: Դեռ երբեք «Արարատը» չէր խաղացել այդպես համագործակցված, արագ եւ գեղեցիկ, ինչպես այդ տարի: Թիմի խաղը բարձր գնահատվեց երկրի ճանաչված մասնագետների կողմից: Հայկական ֆուտբոլը մեծ հեղինակություն էր նվաճել: Վեց արարատցիներ` Ա. Կովալենկոն, Ն. Մեսրոպյանը, Լ. Իշտոյանը, Հ. Զանազանյանն ու Էդ. Մարգարովն ընդգրկվեցին երկրի «33 լավագույն» ֆուտբոլիստների ցուցակում, ընդ որում Իշտոյանը ճանաչվեց լավագույն աջ եզրային հարձակվող: Իշտոյանը Հայաստանի ֆուտբոլիսներից առաջինը երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցեց պաշտոնական հանդիպմանը: «Ֆուտբոլ-հոկեյ» շաբաթաթերթի հարցման արդյունքներով Էդ. Մարգարովը երկրի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 3-րդն էր` Եվգենի Ռուդակովից ու Վիկտոր Կոլոտովից հետո: Այդ տարին Մարգարովի համար նշանավորվեց նաեւ Գ. Ֆեդոտովի անվան ռմբարկուների խորհրդանշական ակումբի կազմում ընդգրկմամբ: Հոբելյանական` 100-րդ գնդակը նա խփեց «Հրազդանում», «Զենիթի» դարպասը: «Արարատին» հանձնվեց նաև արհմիությունների փոխանցիկ գավաթը, իսկ ֆուտբոլիստները պարգեւատրվեցին փոքր ոսկե մեդալներով:
Հիմա անցում կատարենք հայկական ֆուտբոլի պատմության փառահեղ էջին`ԱՐԱՐԱՏ-73:
1973թ. «Արարատին» մարզելու հրավիրվեց սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նա իր սաների հետ ապացուցեց, որ «Արարատն» ի վիճակի է նվաճելու խորհրդային ֆուտբոլի բարձունքները: Մրցաշրջան-73-ն իրոք ոսկե տառերով գրվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Արարատը» դարձավ եւ երկրի չեմպիոն, եւ ԽՍՀՄ գավաթակիր:19 տարվա ընդմիջումից հետո «Արարատն» ու Կիեւի «Դինամոն» կրկին հանդիպեցին երկրի գավաթի եզրափակիչում: Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած եզրափակիչը հարուստ էր դրամատիկ պահերով: Հաշիվը 61-րդ րոպեին 11մ հարվածով բացեց Վիկտոր Կոլոտովը: Նիկիտա Սիմոնյանը թարմ ուժեր մտցրեց խաղադաշտ եւ երբ խաղի ավարտին հաշված վայրկայններ էին մնում, Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Իսկ լրացուցիչ ժամանակի 13-րդ րոպեին Լեւոն Իշտոյանը խփեց հաղթական գնդակը եւ արարատցիները տիրեցին գավաթին: Այդ հաղթանակը նոր լիցք հաղորդեց արարատցիներին, որոնք առաջնության վերջնագծում վսահ ելույթների շնորհիվ հաղթանակով ավարտեցին հաջող սկսած մրցաշրջանը:
Հոկտեմբերի 28-ին «Հրազդանում» ծնվեց երկրի նոր` 8-րդ չեմպիոնը:
Թիմը փառահեղ հաղթանակներից հետո արդեն քիչ-քիչ կորցնում էր իր հզորությունը և մրցաշրջան-76-ը վերջինն էր «Արարատի» կենսագրությունում, որում թիմը մրցանակակիր դարձավ: Հետագա տարիներին այլեւս հաջողություններ չգրանցվեցին, թեեւ եղան առանձին մրցաշրջաններ, որտեղ «Արարատը» հաջող հանդես եկավ: Դրանցից մեկը 1982 թվականն էր, երբ Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ արարատցիները գրավեցին 5-րդ պատվավոր տեղը: Այդ արդյունքը հետագայում կրկնել այլեւս չհաջողվեց:
ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերած բոլոր հանրապետություններում ստեղծվեցին ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվեց 1992 թ. հունվարի 18-ին, իսկ ՀՖՖ առաջին նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին, իսկ հուլիսի 3-ին` նաև ՖԻՖԱ-ին: Ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: 1992 թ. Հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը` ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ:Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`0:0:
1996 թ.` Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլից առաջ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Խորեն Հովհաննիսյանը: Չնայած որ Հայաստանի հավաքականը հայտնվել էր բարդագույն խմբում, այդուհանդերձ, կարողացավ անցկացնել մի քանի հաջող հանդիպումներ` սեփական հարկի տակ ոչ-ոքի ավարտելով Պորտուգալիայի, իսկ մրցակցի հարկի տակ` Ուկրաինայի հավաքականների հետ մրցավեճերը, սեփական հարկի տակ հաղթելով Ալբանիայի հավաքականին: Այդ, ինչպես նաև հաջորդ շրջափուլում, որը Հայաստանի հավաքականն սկսեց արդեն Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ, մեր ընտրանին հանդես էր գալիս PUMA ֆիրմայի մարզահագուստով: Չնայած հավաքականի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, այդ տարիներին դեռևս դժվարություններ կային հավաքականի արտագնա հանդիպումների հեռարձակման հետ: Ֆուտբոլասերները հիմնականում ստիպված էին լինում բավարարվել ռադիոռեպորտաժներով:
Աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականն սկսեց արդեն Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ և Lգttգ ֆիրմայի մարզագահուստով: Հեռուստատեսությամբ սկսվեցին ցուցադրվել Հայաստանի հավաքականի արտագնա հանդիպումները: Հայաստանի հավաքականը կարողացավ ոչ-ոքի ավարտել առաջին իսկ հանդիպումն այն ժամանակ ևրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկը համարվող Նորվեգիայի ընտրանու հետ: Թվում էր` մեր ընտրանին վերջապես կկարողանա հավակնել խմբում բարձր տեղ գրավելուն, սակայն այդ ընտրական փուլն արդյունքում դարձավ ամենաանհաջողը հավաքականի պատմության մեջ և միակը, երբ մեր թիմը չկարողացավ տանել ոչ մի հաղթանակ:
2002 թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջին անգամ վստահվեց արտասահմանցի մասնագետի` արգենտինացի Օսկար Լոպեսին: Սակայն նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց ընդամենը 2 հանդիպում, որից հետո 2003 թ. նրան փոխարինեց արդեն ռումինացի Միխայ Ստոյկիցան: Նրա օրոք Հայաստանի հավաքականը 2 անգամ հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, չնայած պարտություններին՝ հաջող հանդիպումներ անցկացրեց Իսպանիայի և Ուկրաինայի հավաքականների հետ արտագնա մրցավեճերում:
2004 թ. Հայաստանի հավաքականի պաշտոնական գործընկեր դարձավ Hummel ընկերությունը: 2006 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականն սկսեց ֆրանսիացի Բեռնար Կազոնիի գլխավորությամբ, որին 2005 թ. փոխարինեց հոլանդացի Հենկ Վիսմանը: Չնայած մեր հավաքականը վաստակեց 7 միավոր, սակայն խաղի առումով այս շրջափուլն ամենաանհաջողներից մեկն էր:
2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց շոտլանդացի Յան Պորտերֆիլդը: Նրա գլխավորությամբ առաջին 5 խաղերում հավաքականը վաստակեց ընդամենը 1 միավոր, սակայն դրանից հետո սկսվեց տպավորիչ հանդիպումների շարքը: Հաղթանակ Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ, ոչ-ոքի Պորտուգալիայի հավաքականի հետ: Հավաքականն իսկական վերելք էր ապրում: Յան Պորտերֆիլդին հաջողվել էր ստեղծել մի թիմ, որի համար գոյություն չունեին հեղինակություններ: Ցավոք, անբուժելի հիվանդության պատճառով շոտլանդացի մասնագետր չկարողացավ ավարտին հասցնել իր սկսած գործը: Նրա մահից հետո Հայաստանի հավաքականն ավարտեց ընտրական փուլը Վարդան Մինասյանի և Թոմ Ջոնսի գլխավորությամբ: 2008 թ. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Յան Պոուլսենը: Դանիացի մասնագետի գլխավորությամբ հավաքականը պարտվեց առաջին 4 ընտրական խաղերում այդ թվում՝ Թուրքիայի հավաքականի հետ սկզբունքային մրցավեճում: Էստոնիայի հավաքականի հետ երևանյան ոչ-ոքիից հետո Պոուլսենը հեռացավ հավաքականից, իսկ գլխավոր մարզչի պաշտոնակատար կրկին դարձավ Վարդան Մինասյանը: Հավաքականում տեղի ունեցան որոշակի դրական փոփոխություններ, սակայն կորցրածը ետ բերել այլևս հնարավոր չէր: Միայն մեկ ոչ-ոքի և մեկ հաղթանակ ողջ շրջափուլում, ընդամենը 4 միավոր և ամենաանհաջող ընտրական փուլը պատմության մեջ: ևրո-2012-ի ընտրական փուլի վիճակահանությունից անմիջապես հետո, երբ Վարդան Մինասյանը հաստատվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, սկսվեց հավաքականի սերնդափոխության գործընթացը: Երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը աստիճանաբար վերածվեցին հավաքականի առաջատարների: 2010 թ. օգոստոսին հավաքականի շարքերը համալրեց Յուրա Մովսիսյանը: Եթե ընտրական փուլի առաջին 2 խաղերում հավաքականը օպտիմալ տարբերակների որոնման փուլում էր, ապա սկսած երրորդ խաղից՝ հավաքականն սկսեց ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, որի մասին նախկինում կարելի էր միայն երազել: Հավաքելով 17 միավոր՝ վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը նույնիսկ հավակնում էր խմբում 2-րդ տեղ գրավելուն և անցումային խաղերի իրավունք վաստակելուն, սակայն մրցավարական ակնհայտ սխալների պատճառով մեր հավաքականը պարտվեց Իռլանդիայի հավաքականին և բավարարվեց երրորդ տեղով: Բայց դա էլ բավական էր պատմության մեջ լավագույն արդյունքն ապահովելու համար:
Հայատանի ''նոր'' հավաքականը արդեն լուրջ մրցակից է համարվում Եվրոպական շատ հավաքականների համար ու հուսանք,որ մեր սերունդը ականատես կլինի միայն հաղթանակների: